Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA)

WMA
 

Հելսինկիի հռչակագիրը

   
  մարդկային փորձերի վերաբերյալ էթիկական սկզբունքների մի շարք
 

Ընդունվել է
18-րդ WMA Գլխավոր ասամբլեան Հելսինկիում, Ֆինլանդիա, հունիսի 1964 թ
և վերանայվել է
29-րդ WMA Գլխավոր ասամբլեան Տոկիոյում, Ճապոնիա, հոկտեմբերի 1975 թ
35-րդ WMA Գլխավոր ասամբլեան Վենետիկում, Իտալիա, հոկտեմբերի 1983 թ
41-րդ WMA Գլխավոր ասամբլեան Հոնկոնգում, սեպտեմբեր 1989 թ
48-րդ WMA Գլխավոր ասամբլեան Սոմերսեթ Ուեսթում, Հարավային Աֆրիկա, հոկտեմբեր 1996 թ
52-րդ WMA Գլխավոր ասամբլեան Էդինբուրգում, Շոտլանդիա, հոկտեմբերի 2000 թ
( 29-րդ և 30-րդ կետերի վերաբերյալ մեկնաբանությունները պարզաբանելով
  53-րդ WMA Գլխավոր ասամբլեան Վաշինգտոնում, ԱՄՆ, 2002 թ
  55-րդ WMA Գլխավոր ասամբլեան Տոկիոյում, Ճապոնիա, 2004 թ )
59-րդ WMA Գլխավոր ասամբլեան Սեուլում, Կորեա, հոկտեմբերի 2008 թ
և վերջին
64-րդ WMA Գլխավոր ասամբլեան Ֆորտալեզայում, Բրազիլիա, հոկտեմբեր 2013
   



Ներածական
1. Համաշխարհային բժշկական ասոցիացիան (ՀԲԱ) մշակել է Հելսինկիի հռչակագիրը, որպես մարդկանց մասնակցությամբ բժշկական հետազոտությունների (ներառյալ մարդկային նույնականանալի նյութերի և տվյալների հետազոտությունները) էթիկական սկզբունքների շարք։ Հռչակագիրը նախատեսված է որպես մեկ ամբողջական փաստաթուղթ կիրառվելու համար և դրա յուրաքանչյուր բաղադրիչ դրույթ պետք է կիրարկվի՝ հաշվի առնելով բոլոր այլ համապատասխան դրույթները։
2. ՀԲԱ-ի լիազորությունների համաձայն՝ Հռչակագիրը գլխավորապես հասցեագրված է բժիշկներին։ ՀԲԱ-ն հորդորում է մարդկանց մասնակցությամբ բժշկական հետազոտություններում ներգրավված այլ անձանց որդեգրել այս սկզբունքները։
Ընդհանուր սկզբունքներ
3. ՀԲԱ-ի Ժնևյան հռչակագիրը պարտավորեցնում է բժշկին հետևյալ խոսքերով. «Իմ բուժառուի առողջությունը կլինի իմ գլխավոր մտահոգությունը», իսկ Բժշկական էթիկայի միջազգային օրենսգիրքը հռչակում է, որ «Բժիշկը բժշկական օգնություն ցուցաբերելիս պետք է գործի ի շահ բուժառուի»։
4. Բժշկի պարտականությունն է նպաստել և պաշտպանել բուժառուների առողջությունը, բարեկեցությունը և իրավունքները, ներառյալ նրանց, ովքեր ընդգրկված են բժշկական հետազոտությունների մեջ։ Բժշկի գիտելիքն ու խիղճը նվիրված են այս պարտականության կատարմանը։
5. Բժշկական առաջընթացը հիմնված է հետազոտությունների վրա, որոնք ի վերջո պետք է ներառեն որպես սուբյեկտ մարդկանց մասնակցությամբ ուսումնասիրություններ։
6. Որպես սուբյեկտ մարդկանց մասնակցությամբ բժշկական հետազոտությունների առաջնային նպատակն է հասկանալ հիվանդությունների պատճառները, զարգացման մեխանիզմներն ու հետևանքները և բարելավել կանխարգելիչ, ախտորոշիչ ու բուժական միջամտությունները (մեթոդներ, ընթացակարգեր և բուժումներ)։ Նույնիսկ ապացուցված լավագույն միջամտությունները պետք է շարունակաբար գնահատվեն հետազոտությունների միջոցով՝ դրանց անվտանգության, արդյունավետության, մատչելիության և որակի առումով։
7. Բժշկական հետազոտությունները ենթարկվում են էթիկ չափորոշիչների, որոնք նպաստում և ապահովում են բոլոր մասնակիցների նկատմամբ հարգանքը և պաշտպանում նրանց առողջությունն ու իրավունքները։
8. Թեև բժշկական հետազոտությունների գերնպատակը նոր գիտելիքի ստեղծումն է, այս նպատակը երբեք չի կարող գերակայել հետազոտության առանձին մասնակիցների իրավունքների և շահերի նկատմամբ։
9. Բժշկական հետազոտություններում ներգրավված բժիշկների պարտքն է պաշտպանել հետազոտության մասնակիցների կյանքը, առողջությունը, արժանապատվությունը, բարեխղճությունը, ինքնորոշման իրավունքը, անձնական կյանքի անձեռնմխելիությունը և անձնական տեղեկությունների գաղտնիությունը։ Հետազոտության մասնակիցների պաշտպանության պատասխանատվությունը միշտ կրում է բժիշկը կամ այլ բուժաշխատողներ և ոչ երբեք հետազոտության մասնակիցները, անգամ եթե նրանք տվել են իրենց համաձայնությունը։
10. Բժիշկները պետք է նկատի ունենան իրենց երկրներում մարդկանց մասնակցությամբ հետազոտությունների համար գործող էթիկ, իրավական և կանոնակարգային դրույթները, ինչպես նաև կիրարկելի միջազգային նորմերն ու չափորոշիչները։ Որևէ ազգային կամ միջազգային էթիկ, իրավական կամ կանոնակարգային պահանջ չպետք է նսեմացնի կամ չեղարկի հետազոտության մասնակիցների՝ սույն Հռչակագրում սահմանված որևէ պաշտպանություն։
11. Բժշկական հետազոտությունները պետք է իրականացվեն այնպես, որ նվազագույնի հասցվի շրջակա միջավայրին պատճառվող հնարավոր վնասը։
12. Մարդկանց մասնակցությամբ հետազոտություններ պետք է իրականացվեն միայն պատշաճ էթիկական և գիտական կրթություն, վերապատրաստում և որակավորումներ ունեցող անձանց կողմից։ Բուժառուների կամ առողջ կամավորների վրա իրականացվող հետազոտությունները պահանջում են իրավասու և համապատասխան որակավորում ունեցող բժշկի կամ այլ բուժաշխատող վերահսկողություն։
13. Բժշկական հետազոտությունների մեջ բավականաչափ չներկայացված խմբերին պետք է պատշաճ հասանելիություն ապահովել հետազոտությունների մասնակցելու համար։
14. Բժիշկները, որոնք համատեղում են բժշկական հետազոտությունները բուժսպասարկման հետ, պետք է իրենց բուժառուներին ներգրավեն հետազոտության մեջ միայն այնքանով, որքանով դա արդարացված է հավանական կանխարգելիչ, ախտորոշիչ և բուժական արժեքի տեսանկյունից, և եթե բժիշկն ունի ողջամիտ հիմքեր ենթադրելու, որ մասնակցությունը հետազոտական ուսումնասիրությանը բացասաբար չի անդրադառնա որպես հետազոտության մասնակից հանդես եկող բուժառուների առողջության վրա։
15. Հետազոտությանը մասնակցելու արդյունքում տուժածներին պետք է երաշխավորվի համապատասխան փոխհատուցում և բուժում։
Ռիսկեր, անհարմարություններ և օգուտներ
16. Բժշկական պրակտիկայում և բժշկական հետազոտություններում միջամտությունների մեծ մասը ներառում է ռիսկեր և անհարմարություններ։ Մարդկանց մասնակցությամբ բժշկական հետազոտություններ կարելի է իրականացնել միայն այն դեպքում, երբ հետազոտական խնդրի կարևորությունը գերազանցում է հետազոտության մասնակիցների համար ռիսկերն ու անհարմարությունները։
17. Մարդկանց մասնակցությամբ բոլոր բժշկական հետազոտություններին պետք է նախորդի հետազոտության մեջ ընդգրկված անձանց և խմբերի կանխորոշելի ռիսկերի ու անհարմարությունների մանրակրկիտ գնահատում նրանց և հետազոտության խնդրո առարկա հանդիսացող վիճակից տուժած այլ անձանց կամ խմբերի կանխատեսելի օգուտների համեմատ։
Պետք է միջոցներ ձեռնարկել ռիսկերը նվազեցնելու համար։ Ռիսկերը պետք է շարունակաբար մշտադիտարկվեն, գնահատվեն և արձանագրվեն հետազոտողի կողմից։
18. Բժիշկները չպետք է ընդգրկվեն հետազոտական ուսումնասիրության, քանի դեռ վստահ չեն, որ ռիսկերը համարժեքորեն գնահատվել են և կարող են բավականաչափ կառավարվել։
Երբ պարզվում է, որ ռիսկերը գերազանցում են հնարավոր օգուտները կամ երբ առկա է վերջնական ելքերի համոզիչ ապացույց, բժիշկները պետք է որոշեն՝ շարունակել, ձևափոխել կամ անհապաղ դադարեցնել ուսումնասիրությունը։
Խոցելի խմբեր և անհատներ
19. Որոշ խմբեր և անհատներ հատկապես խոցելի են և առկա է ավելի բարձր հավանականություն, որ կենթարկվեն անարդարության կամ նրանց կպատճառվի լրացուցիչ վնաս։
Բոլոր խոցելի խմբերը և անձինք պետք է ստանան հատուկ կշռադատված պաշտպանություն։
20. Խոցելի խմբի մասնակցությամբ բժշկական հետազոտությունն արդարացված է միայն, եթե այն համապատասխանում է այս խմբի առողջական կարիքներին կամ առաջնահերթություններին և չի կարող իրականացվել ոչ խոցելի խմբում։ Բացի դրանից, այս խումբը պետք է շահի հետազոտության արդյունքում ստացված տեսական և գործնական գիտելիքներից կամ միջամտություններից։
Գիտական պահանջներ և հետազոտական արձանագրություններ
21. Մարդկանց մասնակցությամբ բժշկական հետազոտությունները պետք է համապատասխանեն համընդհանուր ընդունված գիտական սկզբունքներին, հիմնված լինեն գիտական գրականության, տեղեկատվության այլ համապատասխան աղբյուրների և համարժեք լաբորատոր, ինչպես նաև, անհրաժեշտության պարագայում, կենդանիների վրա իրականացված փորձերի վրա։ Հետազոտության համար օգտագործվող կենդանիների պետք է մարդկայնորեն վերաբերվել։
22. Մարդկանց մասնակցությամբ յուրաքանչյուր բժշկական հետազոտության նախագծումը և անցկացումը պետք է հստակ նկարագրված և հիմնավորված լիննե հետազոտական արձանագրության մեջ։
Արձանագրությունը պետք է պարունակի ընդգրկված էթիկական նկատառումների վերաբերյալ ծանուցում և պետք է մատնանշի, թե ինչպես են հասցեագրվել սույն Հռչակագրի սկզբունքները։ Արձանագրությունը պետք է պարունակի տեղեկատվություն ֆինանսավորման, հովանավորների, հաստատութենական պատկանելության, հնարավոր շահերի բախման, հետազոտվողների համար նախատեսված խրախուսանքների վերաբերյալ, ինչպես նաև տեղեկատվություն այն մասնակիցների բուժման և/կամ փոխհատուցման դրույթների վերաբերյալ, որոնք տուժել են հետազոտական ուսումնասիրությանը մասնակցելու արդյունքում։
Կլինիկական փորձարկումների դեպքում արձանագրությունը պետք է նաև նկարագրի համապատասխան պայմանավորվածություններ հետփորձարկումային դրույթների վերաբերյալ։
Հետազոտական էթիկայի հանձնաժողովներ
23. Հետազոտական արձանագրությունը պետք է ներկայացվի համապատասխան հետազոտական էթիկային հանձնաժողովի դիտարկմանը, մեկնաբանություններին, ուղղորդմանը և հաստատմանը նախքան ուսումնասիրության սկսվելը։ Այս հանձնաժողովը պետք է լինի թափանցիկ իր գործունեության մեջ, հետազոտողից, հովանավորից ու ցանկացած այլ ոչ իրավաչափ ազդեցությունից անկախ և ունենա համապատասխան որակավորում։ Այն պետք է հաշվի առնի այն երկրի կամ երկրների օրենքները և կանոնակարգերը, որտեղ իրականացվելու է հետազոտությունը, ինչպես նաև կիրարկելի միջազգային նորմերը և չափորոշիչները, որոնք, այնուամենայնիվ, չպետք է նսեմացնեն կամ չեղարկեն հետազոտության մասնակիցների՝ սույն Հռչակագրում սահմանված որևէ պաշտպանություն։
Հանձանաժողովը պետք է իրավունք ունենա մշտադիտարկելու ընթացիկ ուսումնասիրությունները։ Հետազոտողը պետք է հանձնաժողովին տրամադրի մշտադիտարկման տեղեկություններ, հատկապես տեղեկություններ որևէ լուրջ անցանկալի երևույթի մասին։ Արձանագրության որևէ փոփոխություն չի կարող իրականացվել առանց հանձնաժողովի դիտարկման և հաստատման։ Ուսումնասիրության ավարտից հետո հետազոտողները պետք է հանձնաժողովին ներկա­յացնեն ուսումնասիրության արդյունքների և եզրակացությունների ամփոփում պարունակող վերջնական զեկույց։
Մասնավոր կյանքի անձեռնմխելիություն և գաղտնիություն
24. Պետք է ձեռնարկվեն նախազգուշական բոլոր միջոցառուները հետազոտության մասնակիցների մասնավոր կյանքի անձեռնմխելիությունը և նրանց անձնական տեղեկությունների գաղտնիությունը պաշտպանելու համար։
Իրազեկ համաձայնություն
25. Բժշկական հետազոտություններում որպես մասնակից լինելու վերաբերյալ իրազեկ համաձայնություն տալու ունակ անհատների մասնակցությունը պետք է լինի կամավոր։ Թեև ընտանիքի անդամների կամ համայնքի ղեկավարների հետ խորհրդակցելը կարող է տեղին լինել, ոչ մի անձ, ով ունակ է տալու իրազեկ համաձայնություն, չի կարող ներառվել հետազոտական ուսումնասիրության մեջ, քանի դեռ նա ինքնակամորեն չի համաձայնվել։
26. Բժշկական հետազոտություններում, որոնք ընդգրկում են իրազեկ համաձայնություն տալու ունակ մարդկանց, յուրաքանչյուր հավանական մասնակից պետք է համարժեքորեն տեղեկացվի ուսումնասիրության նպատակների, մեթոդների, ֆինանսավորման աղբյուրների, ցանկացած հնարավոր շահերի բախման, հետազոտողների հաստատութենական պատկանելության, ուսումնասիրության սպասվող օգուտների և հավանական ռիսկերի ու պատճառվելիք անհարմարության, հետուսումնասիրական դրույթների և ուսումնասիրության ցանկացած այլ համապատասխան կողմերի վերաբերյալ։ Հավանական մասնակիցը պետք է տեղեկացվի ցանկացած պահի առանց որևէ անբարենպաստ հետևանքի ուսումնասիրությանը մասնակցելը մերժելու կամ մասնակցության համաձայնագիրը չեղարկելու իրավունքի մասին։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի առանձին հավանական մասնակիցների հատուկ տեղեկատվական կարիքներին, ինչպես նաև տեղեկատվության տրամադրման համար օգտագործվող եղանակներին։
Համոզվելուց հետո, որ հավանական մասնակիցը հասկացել է տրամադրված տեղեկատվությունը, բժիշկը կամ պատշաճ որակավորում ունեցող այլ անձ պետք է ստանա հավանական մասնակցի ինքնակամորեն տրված իրազեկ համաձայնությունը՝ գերադասելի է գրավոր։ Եթե համաձայնությունը չի կարող արտահայտվել գրավոր, ապա ոչ գրավոր համաձայնությունը պետք է պատշաճորեն արձանագրվի և վկայվի։
Բժշկական հետազոտության բոլոր մասնակիցներին պետք է հնարավորություն տրվի տեղեկատվություն ստանալու ուսումնասիրության ընդհանուր ելքի և արդյունքների մասին։
27. Հետազոտական ուսումնասիրությանը մասնակցելու իրազեկ համաձայնություն ստանալիս բժիշկը պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերի այն դեպքերում, երբ հավանական մասնակիցը բժշկի հետ կախյալ հարաբերությունների մեջ է կամ կարող է համաձայնել հարկադրանքի ներքո։ Նման դեպքերում իրազեկ համաձայնությունը պետք է ստանա համապատասխան որակավորում ունեցող այնպիսի անձ, որը լիովին անկախ է նմանատիպ հարաբերություններից։
28. Եթե հետազոտության հավանական մասնակիցն ունակ չի լինում տրամադրելու իրազեկ համաձայնություն, ապա բժիշկը պետք է այն ստանա օրինական լիազոր ներկայացուցչից։ Նման անձինք չպետք է ընդգրկվեն այնպիսի հետազոտական ուսումնասիրության մեջ, որը հավանաբար իրենց օգուտ չեն բերելու, բացի այն դեպքերից, երբ այն միտված է բարելավել այն խմբի առողջությունը, որի ներկայացուցիչն է հավանական մասնակիցը, հետազոտությունը չի կարող իրականացվել այն անձանց շրջանում, որոնք ունակ են տալու իրազեկ համաձայնություն և հետազոտությունը պարունակում է միայն նվազագույն ռիսկ և նվազագույն անհարմարություն։
29. Երբ հետազոտության հավանական մասնակիցը, որը ճանաչվել է իրազեկ համաձայնություն տալու անկարող, ունակ է հավանություն տալ հետազոտության մասնակցելու որոշումներին, բժիշկը պետք է ստանա այդ հավանությունը ի լրումն օրինական լիազոր ներկայացուցչի համաձայնության։ Հավանական մասնակցի անհավանությունը պետք է հարգվի։
30. Հետազոտությունները, որոնք ներառում են ֆիզիկապես կամ հոգեպես իրազեկ համաձայնություն տալու անկարող մասնակիցներ (օրինակ՝ անգիտակից հիվանդներ), կարող են իրականացվել միայն այն դեպքում, եթե իրազեկ համաձայնությունը խոչընդոտող ֆիզիկական կամ մտավոր իրավիճակը հետազոտվող խմբի անհրաժեշտ բնութագիր է։ Նման դեպքերում բժիշկը պետք է իրազեկ համաձայնություն հայցի օրինական լիազոր ներկայացուցչից։ Եթե նման ներկայացուցիչը հասանելի չէ և հետազոտությունը չի կարող հետաձգվել, ուսումնասիրությունը կարող է իրականացվել առանց իրազեկ համաձայնության՝ պայմանով, որ հետազոտական արձանագրության նշված են եղել կոնկրետ պատճառները՝ ընդգրկելու իրազեկ համաձայնություն տալու անկարող դարձնող վիճակով մասնակիցների և ուսումնասիրությունը հաստատված է եղել հետազոտական էթիկայի հանձնաժողովի կողմից։ Առաջին իսկ հնարավորության դեպքում մասնակցից կամ օրինական լիազոր ներկայացուցչից պետք է հետազոտության մեջ մնալու համաձայնություն ստանալ։
31. Բժիշկը պետք է ամբողջությամբ տեղեկացնի բուժառուին, թե նրա խնամքի որ կողմերն են առնչվում հետազոտությանը։ Բուժառուի՝ ուսումնասիրությանը մասնակցելու մերժումը կամ բուժառուի՝ ուսումնասիրությունը լքելու որոշումը երբեք չպետք է անբարենպաստ կերպով անդրադառնան բուժառու-բժիշկ փոխհարաբերության վրա։
32. Մարդկային նույնականանալի նյութեր կամ տվյալներ (օրինակ՝ կենսաբանկերում կամ նմանատիպ պահոցներում պարունակվող նյութերը կամ տվյալները հետազոտելիս) օգտագործող բժշկական հետազոտությունների համար բժիշկը պետք է ստանա իրազեկ համաձայնություն դրանց հավաքման, պահման և/կամ վերաօգտագործման համար։ Կարող են լինի բացառիկ իրավիճակներ, երբ նման հետազոտության համար համաձայնություն ստանալը կլինի անհնար կամ աննպատակահարմար։ Նման դեպքերում հետազոտությունը կարող է կատարվել միայն հետազոտական էթիկայի հանձնաժողովի կողմից դիտարկումից և հաստատումից հետո։
Պլացեբոյի օգտագործում
33. Նոր միջամտության օգուտները, ռիսկերը, անհարմարությունները և արդյունավետությունը պետք է փորձարկվեն առկա ապացուցված լավագույն միջամտության(ների) համեմատ, բացառությամբ հետևյալ հանգամանքների.
• երբ ապացուցված միջամտություն գոյություն չունի, պլացեբոյի օգտագործումը կամ միջամտության բացակայությունը ընդունելի են, կամ
• երբ համոզիչ և գիտականորեն հիմնավորված մեթոդաբանական պատճառներով ապացուցված լավագույն միջամտությունից պակաս արդյունավետ որևէ միջամտության օգտագործումը, պլացեբոյի օգտագործումը կամ որևէ միջամտություն չօգտագործելը անհրաժեշտ է միջամտության արդյունավետությունը կամ անվտանգությունը գնահատելու համար,
• և ապացուցված լավագույն միջամտությունից պակաս արդյունավետ որևէ միջամտություն ստացող, պլացեբո ստացող կամ որևէ միջամտություն չստացող բուժառուները չեն ենթարկվի լուրջ կամ անդառնալի վնասի լրացուցիչ ռիսկերի՝ լավագույն ապացուցված միջամտությունը չստանալու հետևանքով։
Այս տարբերակի չարաշահումից խուսափելու համար պետք է չափազանց զգույշ լինել։
Հետփորձարկումային դրույթներ
34. Նախքան կլինիկական փորձարկումը հովանավորները, հետազոտողները և ընդունող երկրների կառավարությունները պետք է մշակեն հետփորձակումային հասանելիության դրույթներ բոլոր այն մասնակիցների համար, որոնք դեռևս ունեն փորձարկման ընթացքում օգտավետ ճանաչված միջամտության կարիքը։ Այս տեղեկատվությունը ևս պետք է տրամադրվի բուժառուներին իրազեկ համաձայնության գործընթացի ժամանակ։
Հետազոտությունների գրանցում և արդյունքների հրապարակում ու տարածում
35. Որպես սուբյեկտ մարդկանց մասնակցությամբ յուրաքանչյուր հետազոտական ուսումնասիրություն պետք է գրանցվի հանրայնորեն հասանելի տվյալների բազայում՝ նախքան առաջին մասնակցի հավաքագրումը։
36. Հետազոտողները, հեղինակները, հովանավորները, խմբագիրները և հրատարակիչները բոլորն էլ ունեն էթիկ պարտավորություններ հետազոտության արդյունքների հրապարակման և տարածման առումով։ Հետազոտողները պարտավոր են հանրայնորեն հասանելի դարձնել մարդկանց վրա իրականացված իրենց հետազոտության արդյունքները և հաշվետու լինել իրենց զեկույցների ամբողջականության և ճշգրտության համար։ Բոլոր կողմերը պետք է հետևեն էթիկ հաշվետվությունների ընդունված ուղեցույցներին։ Հետազոտության արդյունքները՝ լինեն դրական, բացասական, թե վերջնական եզրակացությունների չհանգեցնող, պետք է հրապարակվեն կամ այլ կերպ հասանելի դառնան հանրությանը։ Հրապարակման մեջ պետք է հայտարարվեն ֆինանսավորման աղբյուրները, հաստատութենական պատկանելությունները և շահերի բախումները։ Սույն Հռչակագրով սահմանված սկզբունքներին չհամապատասխանող հետազոտությունների հաղորդումները չպետք է ընդունվեն հրապարակման։
Չապացուցված միջամտություններ կլինիկական պրակտիկայում
37. Կոնկրետ բուժառուի բուժման ժամանակ, երբ ապացուցված միջամտություններ գոյություն չունեն կամ գոյություն ունեցողներն անարդյունավետ են եղել, բժիշկը փորձագիտական խորհրդատվությունից և բուժառուի կամ նրա օրինական լիազոր ներկայացուցչի իրազեկ համաձայնությունը ստանալուց հետո կարող է օգտագործել չապացուցված միջամտություն, եթե բժշկի դատողությամբ դա կյանք փրկելու, առողջություն վերականգնելու կամ տառապանք մեղմելու հույս է ներշնչում։ Նման միջամտությունը հաջորդիվ պետք է դառնա դրա անվտանգության և արդյունավետության գնահատման համար նախատեսված հետազոտության առարկա։ Ամեն դեպքում, բոլոր նոր տեղեկությունները պետք է արձանագրվեն և, համապատասխան պարագայում, հանրայնացվեն։

© 1964-2013, Համաշխարհային բժշկական ասոցիացիայի / World Medical Association (WMA) , հայերեն թարգմանություն. Վիքիպեդիա
Հայերեն թարգմանությունը վերարտադրում ենք այստեղ՝ Համաշխարհային բժշկական ասոցիացիայի (WMA) թույլտվության շնորհիվ:


URL: http://aix-scientifics.ch/hy/_helsinki13.html     ( QR | DM  code ) (vCard)   ( SSL ) [ printed: 21.12.2024 16:51 GMT]
Copyright © 1996-2024   Aix Scientifics® CRO, Աախեն (Aachen), Գերմանիա (վերջին փոփոխությունը. 16.12.2023)